Հայկական լեռնաշխարհի լճերը, գետերը և բնակլիմայական պայմանները

Լճերը

Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով։ Կան երեք խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան։
Սևանն ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով։ Ծովի մակերևույթից բարձր է եղել 1916մ։ Խորհրդային Հայաստանում ջրի անխնա օգտագործման պատճառով լճի մակարդակն իջել է քսան մետրով։ Սևանա լիճը վտանգված է, ուստի այսօր ջանքեր են գործադրվում ջրի մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև հազվագյուտ ձկնատեսակները վերացումից փրկելու համար։

Վանա Լիճը (հնում Բզնունյաց ծով) հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Ս․ Խաչ եկեղեցով։ Լճի աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը։

Advertisement
Մեր լեռնաշխարհ ամենամեծ լիճն Ուրմիան է։ Աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ։ Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ։

Հայտնի են նաև Ծովակ Հյուսիսո (Չլդըր) և Փարվանա լճերը։

Գետերը։ Հայկական լեռնաշխհարի բնության առանձնատկություններից է նաև բազմաթիվ մեծ ու փոքր գետերի առայությունը։ Հայաստանից են սկզբնավորվում տարածաշրջանի մի քանի հայտնի գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։ Հայկական գետերը թափվում են Սև ու Կասպից ծովերը և Պարսից ծոցը։

Արաքսը (հնում Երասխ), որն ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով, Համարվում է հայոց մայր գետը։

Աստվածաշնչի համաձայն՝ դրախտը եղել է Եփրատի ու Տիգրիսի ակունքներում։ Եփրատի արևելյան ճյուղի՝ Արածանիի ջրերում 301 թ․ Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո (Էրզրումի), Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտերը։

Բնակլիմայական պայմանները։ Հայաստանի բնակլիմայական պայմանները բազմազան են։ Ցածրադիր գոտում աճող մրգերից հայտնի են հայկական խաղողն ու ծիրանը։ Հին աշխարհում ծիրանը, ի պատիվ հայերի՝ արմենների, անվանվել է արմենիակա։

Ավելի բարձրադիր վայրերում աճում են ցորեն, գարի, ցրտադիմացկուն խաղող։ Լեռնային հարուստ մարգագետինները նպաստավոր են անասնապահության համար։

Հայաստանը հայտնի է եղել որդան կարմիր ներկով, որը ստանում էին Արարատյան դաշտում բազմացող հաստուկ որդի տեսակից։

Անտառապատ են Հայոց լեռնաշխարհի հյուսիսային նահանգները։ Կենդանիներից տարածված են հայկական մուֆլոնը, եղջերուն, վարազը, աղվեսը, գայլը, արջը, բորենին և այլն։ Հայաստանը վաղ ժամանակներից ճանաչված էր ձիաբուծությամբ և մեղվապահությամբ։

Հայաստանի ընդերքը հարուստ է ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, աղի հանքերով, շինաքարով և այլ բնապաշարներով։ Մեր երկրի ընդերքից բխում են նաև հանքային ջրեր, որոնք հնուց ի վեր հայտնի են իրենց բուժիչ հատկություններով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *