1879 թվականի օգոստոսին Տեր-Թադևոսն իր տասնամյա որդուն՝ Հովհաննեսին տանում է Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում ուսանելու նպատակով: Սակայն տեսնելով ֆարաջանավոր աշակերտների դեղնած դեմքերը, հրաժարվում է իր մտադրությունից:
Էջմիածնից Դսեղ վերադառնալուց հետո, հայրը լսում է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցի մասին: 1879 թվականի աշնանը, երկու որդիներին՝ Հովհաննեսին և Ռոստոմին տանում է այնտեղ՝ ուսանելու Տիգրան վարժապետի նախաձեռնությամբ հիմնադրված առավել մեծ ու օրինակելի դպրոցում:
Տիգրան Տեր-Դավթյանը Տեր-Թադևոսի մտերիմներից էր:
Թումանյանի՝ Ջալալօղլու դպրոցն ընդունվելու պահին, աշակերտության թիվը տղաների դպրոցում եղել է 125, աղջիկների դպրոցում՝ 60 հոգի:
Դպրոցն ուներ կանոնավոր ուսուցչական կազմ՝ չորս ուսուցիչ և երկու ուսուցչուհի: Այստեղ մանկավարժական նոր մոտեցմամբ ուսուցանվում էին հետևյալ առարկանները՝ հայոց լեզու, պատմություն, ռուսաց լեզու, աշարհագրություն, թվաբանություն, երգեցողություն, ֆրանսերեն, ֆիզիկա և ընդհանուր պատմություն:
Դպրոցի տեսուչը, աշխարհագրության և պատմության ուսուցիչը Տիգրան Տեր-Դավթյանն էր՝ ժամանակի կիրթ ու զարգացած անհատներից մեկը:
Թումանյանը առանձնապես սիրում էր ուսուցչի պատմության դասերը, մանավանդ երբ նա պատմում էր իր ճանապարհորդական տպավորությունները Կ.Պոլսից, Երուսաղեմից ու Եգիպտոսից:
Տիգրան Տեր-Դավթյանը, աշակերտների ուսումնական առաջադիմությունը բարձրացնելու նպատակով՝ իր տանը կազմակերպում էր «սերտողության» դասեր, որոնց հաճախում էր նաև Թումանյանը: Դասերն անցկացնում էր Տիգրան վարժապետի ավագ դուստրը՝ Վերգինեն:
Ուսուցիչն ուներ նաև հարուստ գրադարան, որից օգտվում էին աշակերտներն ընթերցանության ժամերին. դրանց երբեմն մասնակցում էր նաև Տիգրան վարժապետը՝ թարգմանաբար կարդալով հատվածներ Հյուգոյի «Թշվառներ»-ը ֆրանսերեն պատկերազարդ հրատարակությունից:
Այդ երեկոների ջերմ մթնոլորտում էլ պատանի Թումանյանի մեջ ձևավորվում է քնքուշ մտերմության մի զգացում Վերգինեի նկատմամբ: Ի պատասխան վերջինիս այն նկատողությանը. «Չլինի թե ինձնով տարված, դասերիդ մասին մոռանաս», Թումանյանը գրում է իր առաջին սիրային ոտանավորը՝ «Հոգուս հատոր»-ը (1881) (այն առաջինն է պահպանվածների մեջ):
Այդ ժամանակ է, որ պատանի Թումանյանը աչքի է ընկնում իր բանաստեղծական ձիրքով՝ գրելով ոչ միայն սիրային, այլև հայրենասիրական և երգիծական բնույթի ոտանավորներ: Օրինակ՝ «Օրորքը» (1882 թ.), «Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ» (1883 թ.), «Հայ վաճառականը» (1883 թ.):
1882-1883 ուսումնական տարվա հետ ցարական կառավարության հրամանով ավարտվում է և դպրոցի քառամյա գոյության պատմությունը, և Թումանյանը վերադառնում է գյուղ: