ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՋԱԼԱԼՕՂԼԻՈՒՄ

1879 թվականի օգոստոսին Տեր-Թադևոսն իր տասնամյա որդուն՝ Հովհաննեսին տանում է Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում ուսանելու նպատակով: Սակայն տեսնելով ֆարաջանավոր աշակերտների դեղնած դեմքերը, հրաժարվում է իր մտադրությունից:

Էջմիածնից Դսեղ վերադառնալուց հետո, հայրը լսում է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցի մասին: 1879 թվականի աշնանը, երկու որդիներին՝ Հովհաննեսին և Ռոստոմին տանում է այնտեղ՝ ուսանելու Տիգրան վարժապետի նախաձեռնությամբ հիմնադրված առավել մեծ ու օրինակելի դպրոցում:

Տիգրան Տեր-Դավթյանը Տեր-Թադևոսի մտերիմներից էր:

Թումանյանի՝ Ջալալօղլու դպրոցն ընդունվելու պահին, աշակերտության թիվը տղաների դպրոցում եղել է 125, աղջիկների դպրոցում՝ 60 հոգի:

Դպրոցն ուներ կանոնավոր ուսուցչական կազմ՝ չորս ուսուցիչ և երկու ուսուցչուհի: Այստեղ մանկավարժական նոր մոտեցմամբ ուսուցանվում էին հետևյալ առարկանները՝ հայոց լեզու, պատմություն, ռուսաց լեզու, աշարհագրություն, թվաբանություն, երգեցողություն, ֆրանսերեն, ֆիզիկա և ընդհանուր պատմություն:

Դպրոցի տեսուչը, աշխարհագրության և պատմության ուսուցիչը Տիգրան Տեր-Դավթյանն էր՝ ժամանակի կիրթ ու զարգացած անհատներից մեկը:

Թումանյանը առանձնապես սիրում էր ուսուցչի պատմության դասերը, մանավանդ երբ նա պատմում էր իր ճանապարհորդական տպավորությունները Կ.Պոլսից, Երուսաղեմից ու Եգիպտոսից:

Տիգրան Տեր-Դավթյանը,  աշակերտների ուսումնական առաջադիմությունը բարձրացնելու նպատակով՝   իր տանը կազմակերպում էր «սերտողության» դասեր, որոնց հաճախում էր նաև Թումանյանը: Դասերն անցկացնում էր Տիգրան վարժապետի ավագ դուստրը՝ Վերգինեն:

Ուսուցիչն ուներ նաև հարուստ գրադարան, որից օգտվում էին աշակերտներն ընթերցանության ժամերին. դրանց երբեմն մասնակցում էր նաև Տիգրան վարժապետը՝ թարգմանաբար կարդալով հատվածներ Հյուգոյի «Թշվառներ»-ը ֆրանսերեն պատկերազարդ հրատարակությունից:

Այդ երեկոների ջերմ մթնոլորտում էլ պատանի Թումանյանի մեջ ձևավորվում է քնքուշ մտերմության մի զգացում Վերգինեի նկատմամբ: Ի պատասխան վերջինիս այն նկատողությանը. «Չլինի թե ինձնով տարված, դասերիդ մասին մոռանաս», Թումանյանը գրում է իր առաջին սիրային ոտանավորը՝ «Հոգուս հատոր»-ը (1881) (այն առաջինն է պահպանվածների մեջ):

Այդ ժամանակ է, որ պատանի Թումանյանը աչքի է ընկնում իր բանաստեղծական ձիրքով՝ գրելով ոչ միայն սիրային, այլև հայրենասիրական և երգիծական բնույթի ոտանավորներ: Օրինակ՝ «Օրորքը» (1882 թ.), «Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ» (1883 թ.), «Հայ վաճառականը» (1883 թ.):

1882-1883 ուսումնական տարվա հետ ցարական կառավարության հրամանով ավարտվում է և դպրոցի քառամյա գոյության պատմությունը, և Թումանյանը վերադառնում է գյուղ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԴՍԵՂՈՒՄ

Հովհ. Թումանյանը նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում: Նրա առաջին ուսուցիչը, որից սովորել է իր նախնական գրաճանաչությունը, եղել է հայրը՝ Տեր-Թադևոսը՝ գյուղի գրագետ ու առաջադեմ անձնավորություններից մեկը:

Ապա՝ ութ տարեկան հասակում գյուղի մի խումբ երեխաների հետ հաճախել է իր հորեղբոր՝ Գրիշկա բիձու նորաբաց դպրոցը, որտեղ աշակերտները մատիտներն արճիճից էին պատրաստում, թանաքն էլ՝  կակաչ ծաղկից: Բացի գրել-կարդալուց, մանուկ Հովհաննեսը հորեղբոր մոտ սովորել է նաև երգել, քանի որ Գրիշկա բիձան «լավ ձայնավոր տիրացու» էր: Այստեղ Թումանյանը սովորել է մի քանի ամիս. ուսուցումն անկանոն է եղել  և շուտով դադարել է:

Այնուհետև մանուկ Հովհաննեսն ընդունվել է Սահակ վարժապետի դպրոցը:

Թումանյանի մոր՝ Սոնայի նախաձեռնությամբ Դսեղի հասարակության, ի դեմս հոգաբարձուների, և տիրացու Սահակի միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ վերջինիս տարեկան վճարվելու էր 130 ռուբլի, և աշակերտների թիվը չէր գերազնացելու 35-ը:

Սահակ վարժապետի դպրոցը Տեր-Թոդիկյան տիպի էր. նա մտավոր չնչին պաշարի դիմաց կիրառում էր մանկավարժական խիստ մեթոդներ՝ երկաթե գավազանով ու մեծ կաղնենու քանոնով ծեծ, հայհոյանք:

Այն ժամանակ նման անաստված ծեծն ընդունված էր գյուղական ուսումնարաններում: «Մանկավարժական տեռորից» Թումանյանը զերծ է մնացել.  ինչպես բանաստեղծն ինքն է գրել ինքնակենսագրական նոթերում. «վարժապետը քաշվում էր հորիցս, մանավանդ մորիցս էր վախենում»:

Սահակ վարժապետի դպրոցում Թումանյանը սովորել է մեկ տարուց ոչ ավելի (1878/79 ուս. տարում): Դպրոցական առաջին տարիներին բանաստեղծը գիտելիքի մեծ պաշարի փոխարեն ստացել է այն նվազագույնը, որը անհրաժեշտ էր բորբոքելու իմացության ծարավը և մղելու ինքնազարգացմանը:

Այս դպրոցի փակվելուց հետո սկսվում է Թումանյանի ուսումնառության հաջորդ փուլը Ջալալօղլում: