Վանի թագավորության թուլացումն ու անկումը։ Ռուսա 2-ից հետո Վանի թագավորությունն աստիճանաբար թուլացավ։ Նոր արքա Սարդուրի 3-րդն ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք․ա․ 643 թվականին։ Սարդուրի 3-ից հետո իշխել է նրա որդի Սարդուրի 4-ը, որի գահակալման դեպքերի մասին մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ։
Վանի թագավորության թուլացմանն ու անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։
Թե երբ և ինչպես է անկում ապրել Վանի թագավորությունը, ստույգ հայտնի չէ։ Վանի արքայատոհմից անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է առանց լուրջ պատերազմական գործողությունների՝ հավանաբար պալատական հեղաշրջման ճանապարհով։ Դա տեղի է ունեցել մինչև Ք․ա․ 609 թվականը։
Ք․ա․ 7-րդ դարում Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան մասում ձևավորվել էր հայկական նոր մեծ իշխանապետություն՝ Հայկազունի Սկայորդու գլխավորությամբ։ Նրա որդի Պարույր Հայկազունին էլ Ք․ա․ 612 թ․ հռչակեց նոր թագավորություն։
Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։ Ինչպես գիտենք, Ք․ա․ 3-2 հազարամյակներում Հայաստանի տարածքում ստեղծվել էին բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ։ Դրանցից ոչ մեկը, սակայն, չէր ընդգրկում ամբողջ լեռնաշխարհի տարածքը։ Այլ կերպ ասած՝ դեռևս չկային համահայկական թագավորություններ։ Եվ այդ կարևոր խնդիրն իրականացրեց Վանի թագավորությունը՝ միավորելով ողջ լեռնաշխարհը միասնական թագավորության մեջ։ Հայ ժողովուրդը՝ որպես լիակատար ընդհանրություն, իր ձևավորման ավարտին հասավ այս թագավորության օրոք։
Ստեղծվեց հսկայական մշակութային ժառանգություն, որը հետագա դարերի ընթացքում շարունակեց զարգանալ։ Ի վերջո՝ Վանի թագավորության ժամանակ հիմնվեց համայն հայության ներկայիս մայրաքաղաքը՝ Էրեբունի-Երևանը։
Հարցեր և առաջադրանքներ
1․ Հյուսիսից արշավող ի՞նչ ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը։
2․ Ե՞րբ է Սարդուրի 3-ը հիշատակվում ասորեստանյան արձանագրություններում։
3․ Ո՞վքեր էին Վանի թագավորության վերջին հայտնի արքաները։
4․ Ե՞րբ է անկում ապրել Վանի թագավորությունը։
5․ Ներկայացրեք Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։